11/04/2022

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ ԿՍՈՎՈՐԵՑՆԻ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՄԵԾԱՆԱԼՈՒ ՈՐՊԵՍ ԼԱՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ, ՈՒՍՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԵ'Ք ՁԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ՄԵՐ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ, ՀԻՇԵ'Ք ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ ԽՈՍՔԸ, ՈՐ ՄԵՐ ԱՆՀՈԳՈՒԹՅԱՄԲ ԱՐԳԵԼՔ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ, որովհետև ՆՐԱՆՑՆ Է ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ






ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐՀՆԵՐԳԸ

Կիրակնօրյա սուրբ հարկին մենք սաներն ենք լուսաբաղձ,
Կայծերու պես լուսածին` ցայտած սրտեն պերճ նախնյաց,
Ուստի քալենք անխռով, ով հարազատ, զարմ արի
Հավատավոր գնացքով Լույս աղբյուրին ցանկալի:

Եկեղեցին սրբազգյաց ժառանգ անգին հրաշափառ
Մեր խոյանքին վերասլաց թափն է խիզախ բոցավառ.
Հայ մշտահոտ սրբության բույրովն օծած մեր հոգին
Մեր երթին մեջ հաղթական թումբերն ամեն պիտ փշրին:

Կեցցեն հավերժ անսասան հիմնադիր և բարերար
Կիրակնօրյա լուսո տան ջահակիրներն վեհափառ.
Հնչեցեք արդ ծնծղաներ մեր սրտերուն ցնծագին
Որ վառ մնա դարեր դեռ սրբաճաճանչ հայ հոգին:




ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՈՒՄ
(կոլաժ)




ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ և ՆՐԱ ՄՈՒՏՔԸ
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԻՐԻՑ ՆԵՐՍ


Անգլիայի Կլուեստըր քաղաքի մեջ ապրող Ռոբերտ Ռեյքս անունով մի մարդ, ով շաբաթաթերթի խմբագիր էր, փողոցներում թշվառ մանուկների թափառելը տեսնելով և նրանց խղճալով, մտածում է որևէ միջոցի մասին, որպեսզի հնարավոր դառնա նրանց կրթելը:
1780 թվականի մի հուլիսյան կիրակի օր քաղաքի մանուկներին իմի հավաքելու և նրանց դաստիարակելու գաղափար է առաջանում նրա մեջ. անմիջապես գործի լծվելով և մի տան մեջ մանուկներին հավաքելով՝ սկսում է սուրբգրային և բարոյախրատական պատմություններով առինքնել իր հավաքած մանուկներին: Հաջորդ կիրակիներին էլ շարունակում է այս գործը՝ շրջապատի մեջ հետաքրքրություն առաջացնելով:
Շուտով նրան սկսում են ընկերակցել ուրիշներ էլ և այլ թաղերի մեջ ևս կիրակնօրյա դպրոցներ հաստատել:
Ռոբերտն իր թերթի միջոցով հասարակությանը տեղեկացնում է այս դաստիարակիչ կարևոր ծառայության մասին՝ իր շուրջը հավաքելու համար միախոհ մարդկանց և է՛լ ավելի հաջողելու այս գործը:
Այս գեղեցիկ ձեռնարկը ունենում է նաև հակառակորդներ ու վերապահ հոգևորականներ, սակայն Ռոբերտը չի հուսահատվում, այլ համբերությամբ հաղթահարում է իր առջև ցցվող արգելքները և հավատքով շարունակում իր աշխատանքը: Ի վերջո կիրակնօրյա դպրոցների բերած կրթական և բարոյական նպաստը հարթում են իր ճանապարհը, վերանում են խոչընդոտները և լայն բացվում է հաջողության դուռը: Անգլիայի թագուհին իր հովանավորությունն է շնորհում այս օգտաշատ ձեռնարկին և ողջ երկրով մեկ տարածվում են կիրակնօրյա դպրոցները:
Անգլիայի մեջ կիրակնօրյաների ջամբած կրոնաբարոյական բարիքները հրապուրում են ուրիշ երկրների եկեղեցական առաջնորդներին և վերջիններս նույնպես իրենց թեմերից ներս սկսում են ստեղծել կիրակնօրյա դպրոցներ, ուստի ժամանակի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ստեղծվում են բազմաթիվ կիրակնօրյա վարժարաններ:
------------
Հայ Եկեղեցու պատմությունը վկայում է, որ մեր սուրբ հայրապետները մեծ կարևորությունն են տվել կրոնաբարոյական դաստիարակությանը: Անցյալի մեր նվիրյալ վարդապետները, քահանաներն ու տիրացու վարժապետները, կիրակնօրյա դպրոցի դրությանը անտեղյակ լինելով հանդերձ, նրա իդեալը ունեցել են իրենց սրտերի մեջ, ու ազատ ժամերին հաճախ են հավաքել հայ մանուկներին ու պատանիներին, նրանց կրթել աստվածպաշտության մեջ՝ աղոթք, շարական, սաղմոս ու մաղթանք սովորեցնելով, պատմելով պատմություններ Աստվածաշնչից ու սրբերի վարքից և հայ մանուկի մեջ վառ պահելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթներն ու տոհմիկ բարի սովորույթները:
------------
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքից ներս կիրակնօրյա դպրոցների որդեգրումն անհրաժեշտություն դարձավ 1915 թվականի ջարդերից և վերապրած ժողովրդի տարագրումից հետո: Սրանից առաջ մեր հայրենի գավառների դպրոցների դասացուցակում կրոնական կրթությունը կարևոր իր տեղն ուներ: Նույնիսկ հայերենի դասագրքերը, հատկապես գրաբարի, իրենց մեջ բազմաթիվ կրոնաշունչ պատմություններ և քերթվածներ  ունէին: Նաև քրիստոնեական հավատի ուսուցման համար բազմաթիվ ժամեր էին տրված:
Սակայն ցեղասպանությունից հետո վիճակը փոխվեց. Սիրիա, Լիբանան և ի սփյուռս ցրված հայությունը սկսեց ապրել այլ պայմանների մեջ: Նորակազմ հայ դպրոցները հյուրընկալ երկրների պետական կրթական ծրագրերը գործադրելու հարկադրանքի պատճառով ստիպված էին կրճատել հայոց պատմություն և կրոն առարկաների դասաժամերը:
Տիրող իրավիճակում հայ մանուկների կրոնաբարոյական դաստիարակության համար ավելի էր շեշտվում կիրակնօրյա դպրոցների կարիքը:
Իր հոտի հետ գաղթական դարձած Մեծի Տանն Կիլիկիո Սահակ Բ Ղափայան կաթողիկոսը, նախանձախնդիր լինելով հայ զանգվածների (նամանավանդ նորահաս սերնդի) կրոնաբարոյական դաստիարակությանը, անհրաժեշտ է համարում նախ մի կայք ունենալ իր աթոռի համար, իսկ հետո մի դպրեվանք հիմնել՝ եկեղեցականներ հասցնելու համար:
Սահակ կաթողիկոսն իր հառաջացյալ տարիքն ի նկատի ունենալով 1928թ դիմում է Երուսաղեմի վանքում պաշտոնավարող բազմավաստակ Բաբկեն եպս. Կյուլեսերյանին և նրան առաջարկում դառնալ աթոռակից կաթողիկոս: Բաբկեն սրբազանը այցելում է վեհափառին,  իր համամտությունն հայտնում նրան և դարձյալ վերադառնում է Երուսաղեմ՝ մի որոշ ժամանակ ևս շարունակելու իր դաստիարակչական և խմբագրական պաշտոնները վանքից ներս: Միևնույն ժամանակ միշտ կապի մեջ է մնում Սահակ կաթողիկոսի հետ և մոտիկից հետաքրքրվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ապագայով:
1930 թվին, երբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հաստատվում է Լիբանանում,  Բաբկեն սրբազանը գալիս է ու իր ձեռքն առնում  կաթողիկոսական պաշտոնը և լծվում է դպրեվանքի ստեղծման և վերելքի գործին:
1931 թվին Հալեպի մեջ նա Սահակ կաթողիկոսի ձեռամբ օծվում է աթոռակից կաթողիկոս:
1929 թվին  Կիրակնօրյաների Ամերիկյան Համաշխարհային Ըկերությունը որոշում  է Լիբանանի Պաալպեք քաղաքի մեջ համաժողով գումարել՝ սուրբգրային երկրների մեջ կիրակնօրյա դպրոցներ հաստատելու մտադրությամբ: Ընկերության պատասխանատու Դակտըր Շիրը, իրեն իբրև ընկերակից ունենալով պրն. Լևոն Զենեյանը, գնում է Երուսաղեմ, Բաբկեն եպիսկոպոսին ներկայանում, այնուհետև հանդիպում Երուսաղեմի պատրիարք Եղիշե արք. Դուրյանին և խնդրում, որ Հայ Եկեղեցին էլ  մի պատվիրակ ուղարկի համաժողովին:
Խորհրդակցությունից հետո Եղիշե պատրիարքի հավանությամբ Բաբկեն եպիսկոպոսը Հալեպ է գալիս և  Կիրակնօրյա Դպրոցների Համաշխարհային Միության ներկայացուցիչների հետ ներկայանում է Սահակ կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը իր  հավանությունն է տալիս, որ Բաբկեն եպիսկոպոսը ներկայացնի Կիլիկիո կաթողիկոսությունը Պաալպեքի համաժողովին: 
Բաբկեն եպիսկոպոսն անցյալում հրատարակած իր <<Լույս>> շաբաթաթերթով և իր զանազան հոդվածներով հետամուտ էր լուսավորելու  հայ ժողովրդին և բարեկարգելու նրա կրոնական կենցաղը: Նա միշտ ջատագովել էր այլ ազգերի մեջ կիրակնօրյա դպրոցների դրության կիրառությունը և փափագել, որ Հայ Եկեղեցին էլ ունենա նմանօրինակ ուսումնական հաստատություններ:
Բաբկեն եպիկոպոսը, իր հետ ունենալով Արտավազդ ծայրագույն վարդապետ Սյուրմեյանին և լեզվագետ Դիոնիսիոս քհն. Տրեզյանին, մասնակցում է վերոհիշյալ ժողովին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց Պատրիարքության անունից:
Պաալպեքի համաժողովը որոշում է կիրակնօրյա դպրոցներ ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորության ներքո, և այդ գործի տնօրենության իբրև թեկնածու է առաջադրվում պրն. Լևոն Զենեյանին, ով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ էր և ստացել էր համալսարանական կրթություն:
Միջանկյալ հիշենք, որ Հայ Եկեղեցու առաջին կիրակնօրյան հիմնվել էր դեռ 1923թվին, Հալեպի մեջ, Սահակ կաթողիկոսի արտոնությամբ, սակայն այն տեղական բնույթ ուներ և չեր ընդհանրացել, այսինքն՝ կիրակնօրյաներ այլուր չկային:


Թույլ տվեք որ մանուկները ինձ մոտ գան... 

 

Մարկոսի Ավետարանի 10․13-15-ի մեջ ,,Ժողովրդից ոմանք մանուկներ բերին Հիսուսի մոտ, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա,  բայց աշակերտները սաստեցին բերողներին: Երբ Հիսուս տեսավ, բարկացավ և սաստեց աշակերտներին՝ ասելով․  ,,Թույլ տվեք որ մանուկները ինձ մոտ գան, արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիններինն է Աստծո արքայությունը,,։

1929-ին Կիլիկիո Սահակ Բ․ Ղապայան Կաթողիկոսը․ ցեղասպանությունից փրկված և տարագրված հայազգի զավակներին (ովքեր Լիբանանի  և Սիրիայի մեջ ցիր ու ցան մնացորդացն էին կազմում) հավաքելու միակ ձևը գտնում էր Քրիստոսի և Հայ Եկեղեցու շուրջ հավաքելու մեջ․ Եվ ահա հիմնում է Կիրակնօրյա դպրոցները, քանի որ, իր բառերով ասած․ «Չենք կարող թոյլ տալ որ հայ մատաղ սերունդը հակակրօն գաղափարներով դաստիարակուի»։ Եվ սրան ավելացնում է․  «Մենք յայտնի կերպով կը տեսնենք թէ ի՛նչպիսի ողբալի վիճակի մը մէջ ինկած է Աւետարանի

 լոյսէն, կրօնքի սրբարար շնորհքէն զրկուած հայ երիտասարդութիւնը: Մենք կ’ուզենք որ մեր Մայրենի Եկեղեցւոյն զաւակները հարազատ զաւակները ըլլան իրենց Ընտանիքին, իրենց Ազգին, եւ իրենց Եկեղեցւոյն:...Վերջապէս չենք ուզեր որ անկրօն եւ տգէտ մեծնայ հայ ժողովուրդի երիտասարդ սերունդը: Մանուկները, Յիսուսի կարենալ երթալու համար 2 բանի պէտք ունին.

1.    մայր մը որ զիրենք Յիսուսի ուզէ տանիլ,

2.    եւ մէկը որ արգելքները վերցնէ:

Հայ Մայրը, որպէսզի իր զաւակը Յիսուսի տանի, պէտք է հաւատայ, որ որպէս Հայ, ասիկա իր իրաւունքն է, որովհետեւ որպէս հայ մայր, ասիկա իր պարտքն է ու իրաւունքը որ շահած է,

      ա. Թադէոս եւ Բարթողոմէոս Առաքեալներու նահատակութեամբ,
      բ. Սուրբ Գրիգոր Լուսաւորչի չարչարանքներով,
      գ. Սահակ-Մեսրոպ-Վռամշապուհի իմաստութեամբ, երազով եւ քրտինքով,
      դ. Աւարայրի հերոսներու արիւնով եւ
      ե. Նուարսակի Դաշնագրի ստորագրութեամբ»։

  Հայ մանուկին Քրիստոսին մոտեցնելու բարի մղումներով է, որ  նաև նորանկախ Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության Կենտրոնը ազնիվ ջանքերով մի խումբ միաբանների, որոնցից Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Տ. Վազգեն եպս. Միրզախանյանն ու Տ. Սեպուհ եպս. Չուլջյանն այսօր թեմակալ առաջնորդներ են, - ձեռնարկեց Կիրակնօրյա մի շարք հոգևոր դպրոցների հիմնադրումը: Մի քանի տարիների ընթացքում Հայաստանում արդեն կային 100-ից ավել կիրակնօրյա դպրոցներ, որտեղ հազարավոր հայ մանուկներ քրիստոնեական կրթություն էին ստանում` աշակերտելով մեր Տեր Հիսուս Քրստոսին: Նրանցից շատեր հետագայում ընդունվեցին Հոգևոր ճեմարաններ և համալրեցին հայ հոգևորականների բանակը:

2000-ական թվականներին, երբ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան սկսվեց դասավանդվել ՀՀ հանրակրթական դպրոցներում և քրիստոնեական կրթությունը համատարած դարձավ, մեր կիրակնօրյաները, թվում է կորցրեցին իրենց ընթացքի երբեմնի թափը, սակայն նրանցից շատեր շարունակում են իրենց եկեղեցանվեր և աստվածասեր ծառայությունը այսօր էլ` դաստիարակելով քրիստոնյա աստվածավախ հայորդիներ:

 

«Թույլ տվեք որ մանուկները ինձ մոտ գան»
 

Սահակ հայրապետն՝ իր իմաստությամբ, Տեր Հիսուսի այս խոսքը որպես նշանաբան ունենալով, մեկ նախադասությամբ աղերսում էր հայ մայրերին, որ իրենց զավակներին Քրիստոսին մոտեցնեն և  Քրիստոսի խոսքով սաստում էր բոլոր նրանց, ովքեր տարբեր ձևերով արգելք էին, որ հայ ազգի մանուկները մոտենան Աստծուն։
Սիրելի ծնողներ, այս նույն աղերսը մենք ունենք ձեզ այսօր․ թույլ տվե՛ք և ուղղորդե՛ք ձեր բալիկներին մեր Կիրակնորյա դպրոցներից որևէ մեկը, ուր նրանք կստանան քրիստոնեական դաստիարակություն մայր Եկեղեցու և մեր խնամքի ներքո,հեռու կմնան հոգեկործան և քայքայիչ աղանդներից, կմեծանան որպես ազնիվ, ծնողասեր, հայրենասեր ու հայրենատեր, աստվածասեր ու աստվածավախ քաղաքացիները մեր երկրի։
Ամեն մեկս ինքներս մեզ հարց տանք՝ մենք ո՞ր խմբին ենք պատկանում։ Նրանց, որ իրենց զավակների Քրիստոսին են մոտեցնում, թե՞ նրանց, որ ոչ միայն չեն մոտեցնում, այլև արգելք են լինում նրանց, ովքեր ուզում են իրենց զավակներին Քրիստոսին մոտեցնել։





 

 

 

            

 

 

,